ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Թվերն ավելի խոսուն են, քան իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 11

Թվերն ավելի խոսուն են, քան իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 11
17.11.2025 | 15:13



Սկիզբը՝ այստեղ

Դիտարկում 10․ Շրջակա միջավայր․ թաքնված ճգնաժամ՝ տնտեսական աճի ֆոնին (երբ օդն ու ջուրը լռելյայն ցույց են տալիս տնտեսության իրական գինը)

Պաշտոնական տեղեկատվությունը գրանցում է տնտեսական աճ՝ շինարարություն, առևտուր, ծառայություններ։ Բայց նույն հաշվետվության շրջակա միջավայրի բաժինը՝ թվերով լուռ, իրականում բացահայտում է, թե ինչ գնով է այդ աճը տեղի ունենում։

Օդային միջավայրում աճում է աղտոտվածությունը։ Մասնավորապես, 2025թ․ սեպտեմբերին Երևանում մթնոլորտային օդի աղտոտվածության ցուցանիշները շարունակել են մնա բարձր։ Քաղաքում գրանցվել է ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի (ՍԹԿ) գերազանցած 23 օր, իսկ փոշու (ծանր մասնիկների) բարձր խտություն՝ 18 օր։ Գյումրիում արձանագրվել է թույլատրելի սահմաններից բարձր փոշու խտությամբ 2 օր, Վանաձորում՝ 22 օր, Ալավերդիում՝ 14 օր, Արարատում՝ 13 օր:

Այս տվյալները ցույց են տալիս ոչ թե պատահական տատանում, այլ տարածական օրինաչափություն: Оդի աղտոտվածության բարձր մակարդակ առկա է այնտեղ, որտեղ ակտիվ է արդյունաբերությունը, շինարարությունը կամ ցեմենտի և մետաղագործական արտադրությունը։

Սա նշանակում է, որ տնտեսական աճը՝ ինչպես միշտ, ուղեկցվում է շրջակա միջավայրի աղտոտվածության հաշվին։ Հայաստանում տնտեսությունը դեռևս զարգանում է ոչ թե «կանաչ» մոդելով, այլ՝ արտադրական հում և աղտոտող ռեժիմով, որտեղ ավելացված արժեքի յուրաքանչյուր դրամը պարունակում է բարձր բնապահպանական ծախս։

Անդրադառնալով ջրային ռեսուրսների որակին, անհրաժեշտ է արձանագրել, որ այն շարունակում է անկում ապրել։ Մասնավորապես, գետերի ջրերի որակի մշտադիտարկման տվյալներով՝ ընդամենը 4․2% դիտակետերի ջուրն է դասվել «լավ» որակի, մինչդեռ 29․2%՝ «վատ», իսկ 20․8%՝ «անբավարար»։ Այսինքն՝ երկրի մակերևութային ջրերի գրեթե կեսը չի համապատասխանում բնապահպանական անվտանգության չափանիշներին։

Սևանա լճում ևս պահպանվում է տարածական տարբերակում։ Մակերևութային ջրերում լուծված թթվածնի մակարդակը միջինում 7.1–7.2 մգ/լ, բայց հատակամերձ շերտերում՝ ընդամենը 2.2–2.3 մգ/լ, ինչը վկայում է լճի էվտրոֆացման (օքսիգենային քայքայման) շարունակվող գործընթացի մասին։ Ամոնիումի և ֆոսֆատի իոնների բարձր կոնցենտրացիան՝ հատկապես Փոքր Սևանի հատակամերձ շերտերում (մինչև 0.020 մգ/լ ֆոսֆատ, 0.397 մգN/լ ամոնիում), փաստում է, որ լիճը շարունակում է կրել աղտոտվածության ծանր բեռը՝ հիդրոքիմիական հավասարակշռության խախտմամբ։

Այս ամենի քաղաքատնտեսական մեկնաբանությունը հետևյալն է։ Երբ տնտեսության աճը սնուցվում է շինարարությամբ, արդյունաբերությամբ և հումքային արտադրությամբ, բայց առանց բնապահպանական քաղաքականության, շրջակա միջավայրը դառնում է աճի լուռ «զոհաբերված հատվածը»։

Օդի աղտոտվածության 23 օրը Երևանում, վատ ու անբավարար որակի ջրերի 50%-ը ողջ երկրով մեկ և Սևանի էկոհամակարգի դանդաղ քայքայումը այն տնտեսական ցուցանիշներ են, որոնք իրենց բովանդակային նշանակությամբ ու կարևորությամբ չեն զիջում ՀՆԱ-ի ցուցանիշին։

Այսօր Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե միայն տնտեսության թվային աճ, այլ կանաչ վերափոխման ռազմավարություն, որը կկապի ներդրումները բնապահպանական պատասխանատվության հետ։ Առանց դրա՝ յուրաքանչյուր կառուցվող շենքի կամ արդյունաբերական օբյեկտի հետևում մենք ստանում ենք օդի և ջրի աղտոտում, առողջապահական բեռ և բնակչության կյանքի որակի անկում։

Շրջակա միջավայրը Հայաստանի տնտեսության լուռ հաշվապահն է․ այն հաշվառում է այն ամեն նյութականն ու ոչ նյութականը, ինչ ՀՆԱ-ն ու բյուջեն չեն հաշվառում։

Դավիթ Անանյան

#ԹվերիԵտևում #ՀայաստանիՏնտեսություն

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ